Tshakhruk

«Ճախրուկ» փառատոն 2022

2022թ. սեպտեմբերի 4-ին, ժամը 19:30-ին Արագածոտնի մարզի,Սաղմոսավանքի բակում տեղի ունեցավ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնը։ 

Փառատոնի ուղերձն է՝ «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք»

Ազգային երաժշտության 2022թ-ի փառատոնին մասնակցեցին Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Մանկան տուն»  մանկատան երեխաները, « Արևային զանգակներ» դաունի համախտանիշ ունեցող երեխաների նվագախումբը, «Մայրի» սոցիոմշակութային կենտրոնի գեղարվեստական խումբը, Ռուսաստանի Դաշնությունից  Սերգիեվ Պոսադի խուլ և կույր երեխաների «Ընտանեկան կենտրոն» տուն-ինտերնատի  «Պրեոդոլենիյե» երաժշտախմբը, Սվերդլովսկի մարզի «Բլագոյե դելո» հասարակական կազմակերպության «Նեյվա» երաժշտախումբը։  Փառատոնի հատուկ հյուրն էր Արթո Թունչբոյաջյանը, «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են,եթե չունես հոգու թռիչք» ներկայացման բեմադրիչ-ռեժիսորն էր Պյոտր Նեմոյը՝ «301 իմաստության երկիր» հիմնադրամի իմաստուն, երաժշտության համահեղինակներն են Աննա և Անահիտ Մխիթարյանները:

Փառատոնը, որի ուղերձն է «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք», նպատակ ունի բացահայտել հատուկ կարիքներ ունեցող անձանց երաժշտական տաղանդը, միևնույն ժամանակ, մեկ վայրում՝ Հայաստանում համախմբել նմանատիպ յուրահատկություններ ունեցող տարբեր ազգերի մարդկանց և ստեղծել իրենց մշակույթը ներկայացնելու բացառիկ հնարավորություն։ Ազգային երաժշտության միջոցով մասնակիցները կծանոթանան միմյանց մշակույթին, կփոխանակեն միևնույն դժվարությունները հաղթահարելու իրենց կուտակած փորձը, ձեռք կբերեն նոր ընկերներ ու գիտելիքներ։ Այսպիսով, «Ճախրուկ» փառատոնը հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ներգրավում է սոցիալ-մշակութային կյանքին, թույլ տալիս, որ նրանք երազեն, արտահայտվեն և ստեղծագործեն՝ արվեստից թևեր ստանան և երգի միջոցով ներկայացնեն իրենց ասելիքը աշխարհին։  

Փառատոնի շրջանակներում «Ճախրուկ» խորհրդանիշ հանձնվեց բոլոր մասնակից խմբերին,ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ի դեմս Նարեկ Մկրտչյանի,բեմադրիչ-ռեժիսոր Պյոտր Նեմոյին։Բոլոր մասնակիցները և հրավիրված հյուրերը մասնակցեցին «Հոգու թռիչք-2» կտավի միասնական ստեղծմանը։

Փառատոնին ներկա էին առաջին տիկին Աննա Հակոբյանը,ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը,փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը։

Փառատոնի հիմնադիրներն են Աննա և Անահիտ Մխիթարյանները, կազմակերպիչը «Ճախրուկ» մշակութային ՀԿ-ն, գործընկերները՝ Խարբերդի մասնագիտացված մանկատունը և «ARMNOUVO» կազմակերպությունը:

 

Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2021թ. հուլիսի 25-ին Վանաձոր քաղաքի «Հայք» հրապարակում։

Լուսաբանում