Tshakhruk

Մարմնով Ճախրուկ, հոգում՝ Ճախրաբազեն

Մեր մասին

2019 թ-ի սեպտեմբերի 4-ին Աննա և Անահիտ Մխիթարյանները առաջին անգամ ոտք դրեցին Խարբերդի մասնագիտացված մանկատուն։ Մանկատանը ապրում են ծանր սահմանափակ կարողություններ ունեցող ՝կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող անչափահասներ և չափահասներ, ովքեր չեն գտնվում ծնողական խնամքի տակ։
Քանի որ Աննան և Անահիտը նվագում են հայկական ժողովրդական գործիքներ, այցելության նպատակն էր կենդանի կատարմամբ երեխաներին մատուցել հայկական ազգային մաքրամաքուր երաժշտություն։  Անկախ երեխաների մոտ առկա առողջական խնդիրներից ՝հայկական երաժշտությունը և առհասարակ երաժշտությունը իր դրական և բուժիչ ազդեցությունն է ունենում առողջացման վրա։

Ռիթմերի և դուդուկի հնչյունների փոխանցած աննկարագրելի զգացողություններից զատ՝ երեխաների մեծամասնության մոտ առաջանում էր մեկ հարց ՝կկարողանան  իրենք  էլ նվագել և երգել։Անկախ երեխաների մոտ առկա մտավոր զարգացվածության տարբեր աստիճաններից, մատների և ձայնալարերի բացակայությունից,ազատ շարժման սահմանափակումներից, շնչառական խնդիրներից,Աննան և Անահիտը վստահ էին և վստահեցրին, որ նրանց մոտ ևս ստացվելու է թե՛ նվագելը, թե՛ երգելը և այնքան յուրահատուկ ու չկրկնվող, որքան որ իրենք են։ Երաժշտությունն իր կախարդական ուժով արթնացրեց դեպի երազանքների իրականացման տանող թռիչքի ճանապարհը։ Իսկ այն հավատն ու վստահությունը, որ ներշնչվեց նրանցից յուրաքանչյուրին, որ նրանք ի զորու են իրականացնել իրենց երաժշտական երազանքները, ստեղծեցին բոլոր նախապայմանները՝ ստեղծելու Խարբերդի մասնագիտացված մանկատան էթնո երաժշտախումբ, որը հետագայում պետք է անվանվեր «Ճախրուկ» ։
Ինչո՞ւ հենց «Ճախրուկ».
Ճախրուկը բազեների ընտանիքին պատկանող փոքրիկ թռչնատեսակ է, որի երկրորդ անվանումը Ճախրաբազե է։ Քույրերը մանկատան յուրաքանչյուր երեխայի նմանեցրին այդ թռչունին։ Մարմնով Ճախրուկ ՝հոգում Ճախրաբազեն ։Այսինքն՝ անկարող թվացող մարմնում ապրող քնած հզոր ճախրաբազե, որին պետք էր ստիպել արթնանալ և պատրաստել թռիչքի։
Կյանքի և մարդկանց նկատմամբ վերաբերմունքը և ապրելակերպը, որ ունեն Աննա և Անահիտ Մխիթարյանները, իրենց կողմից ձևակերպվեց հետևյալ կերպ ՝
«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» ։
Սա է Ճախրուկի էությունն ու հիմնաքարը, և այն՝ որպես գաղափարախոսություն, դաջվեց Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» մշակութային կենտրոնի պատին։ Մշակութային կենտրոնին քույրերը տվեցին տան տեսք։ Նաև պատերից մեկը ամբողջությամբ նկարչի վրձնի հարվածով  վերածվեց երազանքների քաղաքի, որտեղ յուրաքանչյուրն ունի իր երազանքների տունը։
2021 թ.-ի ապրիլին հիմնվեց «Ճախրուկ» մշակութային հասարակական կազմակերպությունը, որի համահիմնադիրներն են ՝Անուշ Մխիթարյանը, Աննա Մխիթարյանը և Անահիտ Մխիթարյանը։
2021թ.-ի հունիսի 1-ին կայացավ «Ճախրուկ» մշակութային կենտրոնի բացումը, որը գտնվում է Խարբերդի մասնագիտացված մանկատան տարածքում ։
Աննա և Անահիտ Մխիթարյանները համարվում են հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» միջազգային փառատոնի հիմնադիրները։ Փառատոնը մեկնարկեց 2021 թ. – ի հուլիսի 25-ին Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում, որը կազմակերպվեց «Ճախրուկ» մշակութային ՀԿ-ի կողմից։ Այդ օրը «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը հանդես եկավ ամբողջական համերգային ծրագրով։

Մեր առօրյան

2019թ.-ի դեկտեմբերի 2-ին և 2021 թ. – ի հոկտեմբերի 4-ին «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը մասնակցել է «Կողք կողքի» ներառական երաժշտական – արտ հանրապետական ամենամյա փառատոնին։
2021թ.-ի հունիսի 1-ին «Ճախրուկ» մշակութային կենտրոնում «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը ունեցել է իր առաջին մենահամերգը։
2021թ.-ի հուլիսի 25-ին երաժշտախումբը մասնակցել է «Ճախրուկ» միջազգային փառատոնին ։
2021թ.-ի նոյեմբերին խումբը մասնակցել է “Euroart Iveria _Brilliant ” սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ներառական միջազգային փառատոնին։  

«Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոն

Երաժիշտ Աննա և Անահիտ Մխիթարյան քույրերը հիմնել են հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնը։ Փառատոնը մեկնարկել է 2021թ.-ի հուլիսի 25-ին Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում։

Աննա Մխիթարյան

Անահիտ Մխիթարյան

Ծանոթացեք հիմնադիրների հետ

Նվիրաբերեք այսօր

$
Personal Info

Donation Total: $18.00